Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան )։ Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայսատանի Գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, ապա ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։

Լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում էին հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լիներ սեփականության բազմազանության և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենա իր ազգային բանակը, սեփական դրամական ու բանկային համակարգը և այլն։ Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովուրդների, մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սահմանադրության հիմքում։

Թողնել մեկնաբանություն